Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Գերտերությունների միջև անորոշությունները դեռ շատ են, ներառյալ՝ ԱԲ ոլորտում հզորությունների պարիտետի հարցում

Գերտերությունների միջև անորոշությունները դեռ շատ են, ներառյալ՝ ԱԲ ոլորտում հզորությունների պարիտետի հարցում
16.09.2026 | 12:56

Ներկայում ԱԲ ոլորտում ստեղծվել է պարադոքսալ վիճակ, երբ բոլորը հասկանում են, որ այդ ոլորտի ավելի արագացող տեմպերով զարգացումը իր մեջ պարունակում է գոյաբանական ռիսկեր մարդկության համար, բայց բոլորը նաև նպաստում են այդ տեմպերի ավելի ու ավելի մեծանալուն, որն էլ մարդկության համար ինքնասպանության նման մի բան է։

Սա մի եզակի երևույթ է, որի ցանկալի կառավարումից առաջ պետք է այն հասկանալ, քանի որ խոսքը մարդկային հասարակության գործողությունների և նրա շահի միջև ակնհայտ հակասության մասին է։

Հարցն այն է, որ և՛ այս ոլորտի հետ կապված տեխնոլոգիական սեկտորը, այսինքն այն ընկերությունները, որոնք անմիջապես զբաղված են ԱԲ-ի համար մրցակցային տեխնոլոգիաներ ստեղծելով, և՛ գերտերությունները, որոնց մրցակցային պայքարում այդ տեխնոլոգիաներն ունեն գոյաբանական նշանակություն, շատ լավ հասկանում են, որ մարդկության գլոբալ շահից ելնելով անհրաժեշտ է ԱԲ-ի զարգացման տեմպերը զգալիորեն նվազեցնել և սահմանել փոխադարձ համաձայնեցված վերահսկողություն ոլորտի վրա, բայց դա առայժմ չի հաջողվում անել, քանի որ կողմերից որևէ մեկը առաջինն այդ բանն անել չի կարող այն պարզ պատճառով, որ մրցակիցը կարող է իրենից առաջ անցնել։

Այս երևույթը իր տեսակի մեջ երկրորդն է մարդկության պատմության մեջ, որտեղ առաջինը ատոմային զենքի հետ կապված սպառազինությունների մրցավազքն էր 20-րդ դարի երկրորդ կեսին։

Նման պարադոքսալ հակասությունը մարդկության շահի և գործողությունների միջև մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունը բացատրում է մարդու հոգեբանության էգոիստական բնույթով, ըստ որի, մարդը մրցակցային ցանկացած իրավիճակում աշխատում է իր հնարավորությունների վերին սահմանների մոտ, քանի որ, եթե ինքը դա չանի, կանի իր հակառանորդը։

Մի հանգամանք, որ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում մրցակից կողմերին մղում է դեպի իրենց հնարավորությունների վերին ոչ գծային տիրույթ, որտեղ և՛ ռիսկերն են շատ, բայց և՛ հաղթելու հնարավորություններն են նաև այնտեղ։

Նման մասշտաբի հարցերը լուծվում են միայն գերտերությունների միջև համաձայնությունների մակարդակով, բայց նաև դրանք կարող են ձգձգվել այն պարզ պատճառով, որ անորոշությունները դեռ շատ են, ներառյալ՝ ԱԲ ոլորտում հզորությունների պարիտետի հարցը, իսկ համաձայնության գալիս են միայն մոտավորապես նույն ուժի տեր հզորները, ինչպես նաև ուժեղի ու թույլի միջև համաձայնությունը նման գոյաբանական հարցում աբսուրդ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ